Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, կառավարության ղեկավարը խոսել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, ինչպես նաև ներկայացրել իրադրության լուծման Հայաստանի պատկերացումը:
Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Հումանիտար իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է սրվել: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է՝ ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած միջանկյալ որոշման:
Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ, դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Դատարանի այս որոշումը չի կատարվում՝ Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ: Ավելին՝ արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը:
Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է, և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ: Եվ կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի:
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրական էներգիայի արտաքին մատակարարումներից, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության տեղական հզորությունները բավականացնում են միայն մասնակի մատակարարումներին: Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները Լեռնային Ղարաբաղին: Դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված: Այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում: Ամեն ինչ արվում է հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնար դարձնելու համար: Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք:
Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ժողովուրդ,
Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է՝
- Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:
- Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար: Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, և մեր պատվիրակությունը Միացյալ Նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ:
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա: Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո: Շնորհակալություն»: