
ՀՄԴ-ի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը, թերեւս դասենք «ուշադրություն շեղող» գործողությունների դասին։ Թեեւ հասկանալի է, որ կոնֆլիկտը կա, հատկապես, երբ ռեստորանի տերը Արշակ Զաքարյանն է, ով ասում են, որ Նիկոլ Փաշինյանին քննադատողների շարքում է եւ ունի լսարան, սակայն սա այն թեման չէր, որ պետք է տեղ գտներ գրառման տեսքով Հանրապետության ղեկավարի ֆեյսբուքյան պատին։
Չնայած մյուս կողմից, զուգարանների հարցը կառավարությունում քննարկելուց հետո, գոմաղբի մեջ եղած անասունների, թրիքոտ կաթի, եւ էլի հազար ու մի բանի մասին գրառումներից հետո, սա սպասելի էր։ Թերեւս միայն հետաքրքրական է այն, որ այս ամենի մասին Փաշինյանը գրեց Բուքիքիոյի հայտարարությունից հետո, կարծես հասարակությանը եւ հատկապես իր «զոմբիստանին» «որոճալու» հերթական «կուտը» տալով։ Ժամանակին զարմանում էինք, որ Տիգրան Սարգսյանը կթվորուհիներին սովորեցնում էր պտուկները լվանալ, մաքուր սրբիչով սրբել նոր կթել եւ այլն։ Փաշինյանը գերազանցեց նաեւ Տիգրան Սարգսյանին այս առումով։ Առհասարակ այլ բան է աչքի զարնում։ Արցախը վերցված է խոշորացույցի տակ։
Հասկանալի է, նախընտրական շրջան է։ Բացի այդ, Ժնեւից հետո, հասկանալի է նաեւ, որ միջազգային ճնշումն է Արցախի հարցով ավելացել։ Բայց նույնիսկ այս բոլորը հաշվի առնելիս, նույնիսկ դավադրությունը պետք է հյուսել մակարդակով։ Փաշինյանի մոտ պակասում է մակարդակը։
Ի դեպ, այս ռեստորանային գրառման հետ կապված մի պատմություն ԱՄՆ-ից։ Երբ Թրամփը ինչ որ կոշտ արտահայտություն է անում կանանց հասցեին, նրա խոսնակին վռնդում են ցուցադրաբար ռեստորաններից մեկից, պատճառաբանելով Թրամփի հայտարարությունը եւ այդ արարքը որակվում է որպես դեմարշ։ Դրանից հետո իհարկե Թրամփն իր խոսնակին հատկացնում է թիկնազոր, սակայն ամերիկյան մամուլը մի քանի շաբաթ շարունակ անարգանքի սյունին գամում է ԱՄՆ՝ թերեւս ամենասկանդալային նախագահին։