Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը․ փախո...

Արցախը պաշարման մեջ է. Հացի հերթեր են. Հոսանքն օրական մի քանի ժամ է. Ադրբեջանը սպառնում է «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնել ու մաքրել Արցախը հայերից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանը:

Նա նաեւ նշել է. «Զուգահեռաբար աճում են արձակուրդային տրամադրությունները Հայաստանում։ Դա փախուստ է իրականությունից։ Դա, ամենայն հավանականությամբ, նորմալ մարդկային ռեակցիա է․ թող հոգեբանները խոսեն այս մասին։

Հայաստանի քաղաքական վերնախավի մեծ մասը մեծ մեղք ունի, քանզի չհասկացավ, որ

  1. Արցախում վճռվում է Հայաստանի ճակատագիրը,
  2. 90–ականներին ազգային–ազատագրական պատերազմ էր և այդ պատերազմի ելքով էր Հայաստանը պահում իր անկախությունը։

Վերնախավի մեծ մասը չհասկացավ ու այդ պատճառով էլ չբացատրեց հանրությանը։ Ավելին՝ կար տեսակետ, որ Արցախը Հայաստանին խանգարում է լինել ու զարգանալ (Նիկոլ Փաշինյանն այդ միջավայրի ծնունդ է)։

Եթե հիմա էլ չհասկանանք, թե ինչ է Արցախը Հայաստանի ու մեր ժողովրդի անվտանգության համար, շատ ծանր գին ենք վճարելու։

«Ժողվարչապետը» մեր երկրի «կադաստրի թուղթն» ուզում է Ալիևից։ Վերջինս Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան»։

Որպեսզի պահենք մեր երկիրը, Արցախը պետք է պահենք հայկական ու թույլ չտանք Արցախի ադրբեջանականացում։ Իրականությունից փախչելը պահելու լավագույն ձևը չէ։