Արցախում պատրաստ են հրաժարվել Պաշտպանության բանակից ու այն փոխարինել ինքնապաշտպանության ստորաբաժանմամբ՝ պայմանով, որ ռուս խաղաղապահների թիվն ավելանա, իսկ առաքելությունը տեղակայվի շփման գծի ողջ երկայնքով, «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
Այս հարցի մասին այսօր առաջինը հրապարակավ վարչապետ Փաշինյանը խոսեց՝ կառավարության նիստում տեղեկացնելով, թե տասն օր առաջ Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներին ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների առաջարկը, որ եթե Արցախի շուրջը ստեղծվի ապառազմականացված գոտի՝ միջազգային երաշխիքներով, ապա նման մասշտաբի Պաշտպանության բանակ ունենալու կարիք Ղարաբաղը կարող է և չունենալ։ Փաշինյանը չասաց, թե արդյոք Ալիևն ու Պուտինը ընդունել են իր առաջարկը, միայն նշեց, որ Արցախի իշխանությունների այդ առաջարակը մնում է ուժի մեջ։
Ղարաբաղի խորհրդարանի իշխող «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը հաստատեց, որ պատրաստ են Փաշինյանի ներկայացրած տարբերակին՝ եթե կատարվի նոյեմբերի 9-ի հայտարարության 3-րդ կետը, համաձայն որի Ղարաբաղում խաղաղապահ զորակազմ պետք է տեղակայվի շփման գծի ողջ երկայնքով։
Մանրամասները «Ազատություն» ռադիոկայանի կայքում



