
Արխացում դեռ մեկ տարի կա նախագահական ընտրություններին, բայց նախընտրական իրավիճակը բավական թեժ է։ Իրեն նախագահի թեկնածու հայտարարած Սամվել Բաբայանը պարբերաբար հանդիպում է արցախցիների հետ: Օրերս Ասկերանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բաբայանը հայտարարել է․«Բոլորդ էլ ներքուստ հասկանում եք դա, բայց ինչ-ինչ պատճառներով լռում եք: Այդպես չի լինի, դուք եք նորից առաջին գիծ գնալու, ձեր երեխաներն են գնալու: Ձեզ պարզ բացատրում եմ` նստած քննարկում են, որ Լաչինի միջանցքով պետք է «по пластунски» գնաք գաք, չի ասում հարգելի վարչապետ դա անհնարին է անել: Հետո խոսում են արդարությունից, պետության պաշտպանությունից»,-ըստ էության, մեղադրելով Հայաստանի ներկա իշխանություններին «հողեր հանձնելու» մտադրություն ունենալու մեջ։
Սրանից առաջ Սամվել բաբայանը մեկ այլ վտանգավոր հայտարարություն էր արել։ Նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ Արցախի հարցի լուծում կլինի այն դեպքում, երբ Արցախը անցնի ՌԴ մանդատի ներքո և ռուսական բանակը ապահովի տարածաշրջանի անվտանգությունը։
Այս ամենին ֆոնին պետք է հաշվի առնել, որ այս պահին Սամվել բաբայանը միակ թեկնածուն է, որ ընտրություններից մեկ ու կես տարի առաջ նախընտրական քարոզարշավ է սկսել։ Բաբայանը նաև միակ թեկնածուն է, որ առաջադրման հետ կապված խնդիրներ ունի, սակայն ցանկանում է հասարակական ճնշման ներքո ստիպել Արցախի իշխանություններին գնալ զիջումների և իրեն գրանցել որպես թեկնածու։
Սամվել Բաբայանի պոպուլիստական հայտարարությունները գրավում են շատ արցախցիների սրտեր, և ամենևին անհնար չէ նրա՝ Արցախի նախագահ դառնալը։ Եվ եթե Բաբայանը դառնա Արցախի նախագահ, ապա նա կարող է իրական գլխացավանք դառնալ Հայաստանի համար։ Առաջին հերթին, իհարկե, խնդիրն այն է, որ նա կլինի Արցախի առաջին նախագահը, ով խնդիրներ ունի Հայաստանի իշխանությունների հետ և փորձում է նրանց մեղադրել պետական դավաճանության մեջ։ Երկրորդ, բայց կարծում ենք՝ համարժեք կարևոր հարցն այն է, որ նա, դառնալով նախագահ, կարող է փորձ կատարել կենդանություն տալ իր հայտնի հայտարարությանը և ռուսական զորքեր հրավիրել Արցախ՝ տարածաշրջանում անվտանգություն ապահովելու նպատակով։
Այս ամենից ելնելով Հայաստանի իշխանությունները չեն կարող անմասն մնալ և չմիջամտել Արցախում ընթացող պրոցեսներին։ Փաշինյանը պետք է իր աջակցությունը հայտնի Արցախի գործող իշխանություններին՝ օրինական և արդար ընտրություններ կազմակերպելու հարցում ու պետք է թույլ չտա, որպեսզի Բաբայանը ճնշումների միջոցով ստիպի Արցախի իշխանություններին օրենքն անտեսելով իրեն գրանցել որպես նախագահի թեկնածու։ Հակառակ պարագայում ապագայում ամեն բան առավել բարդ կլինի, և գուցե խնդիրներ առաջանան Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության համար։