Արցախի պետական մեքենաները Հայաստանի ՊՆ-ն առգր...

Արցախի պետական գերատեսչությունների մեքենաների նկատմամբ սեփականության իրավունքի հետ կապված քաղաքացիական գործեր կան, որ քննվում են դատարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, Ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրի բակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի պաշտպանը:

«Որոշ մեքենաներ համապատասխանաբար պաշտպանության նախարարի հրամանով կամ այլ հրամաններով հատկացվել են պաշտոնատար անձանց, նրանց նկատմամբ ՃՈ-ն գրանցել է նրանց սեփականության իրավունքը, և այդ մեքենաները տեղափոխվել են Հայաստան: Մեքենաների մեծ մասն առգրավվել է ՊՆ-ի կողմից: Մյուս մասը դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման որոշումների հիման վրա գտնվում է այդ անձանց տիրապետության տակ: Այո, ՊՆ-ն առգրավել է քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոմեքենաները: Անձն այդ գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք, բայց ՊՆ-ն առանց որևէ պարզաբանման, դրանք առգրավել է: Որևէ հիմք չկա այդ մեքենաները Հայաստանի Հանրապետութանը հանձնելու: Քաղաքացին ինքն է որոշում՝ այդ մեքենան նվիրաբերի Հայաստանին, թե ոչ»,-ասաց նա: