Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակե...
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է փաստահավաք
առաքելության առաջին փուլի արդյունքները
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի
27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից
Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս
մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացված են ստորև.
Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ,
2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և
79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել
են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:
Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը
իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության
վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով
(ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի
բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար
տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը`
հասարակական այլ վայրում:
Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական
վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 1
անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1
անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 5 անձ, Սպիտակաշեն
համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ,
Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2
անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն
Քարվաճառ համայնքում` 2 անձ:
Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը`
մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ,
36-50 տարեկան` 8 անձ, 50-ից բարձր` 15 անձ:
Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների
ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների
արտահայտված տեսքով:
Հիշեցնում ենք, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք
առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված
տեղեկություններ:
Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի
վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու
իրավական վերլուծություն: