Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի, մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։
Այս հրամանագրի ստորագրումից անցել է գրեթե երեք ամիս ու Հայաստանում են գտնվում Սամվել Շահրամանյանը, կառավարության անդամները, Ազգային Ժողովի պատգամավորները, բայց դեռ ոչ մի հայտարարություն չի եղել, որ հրամանագիրը չեղարկվում է, կամ այն ճանաչվում է ապօրինի։ Փոխարենը Արցախի հասարակական-քաղաքական շրջանակները հայտարում են, թե այդ հրամանագիրը ոչ մի նշանակություն չունի ու իրենք չեն ուզում խոսել դրա մասին։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը անիմաստ չի ստորագրել տվել այդ հրամանագիրը ու ակնհայտ է, որ Արցախի նախկին նախագահներին պատանդ է վերցրել հենց այս հրամանագրի կատարումն ապահովելու նպատակով։ Բաքվում գտնվող նախագահները ամենամեծ ազդեցությունն ունեն Արցախի քաղաքական էլիտայի վրա և նրանց այնտեղ գտնվելն ըստ ամենայնի կաշկանդում է այստեղ գտնվողներին։
11 օր է մնացել հրամանագրի կյանքի վերջնաժամկետին ու սրա դեմ անգամ Արցախի ընդդիմադիր ուժերը չեն խոսել։ Մի բան ակնհայտ է, որ առնվազն Արցախի Ազգային ժողովը մասնակից է դառնում այս ապօրինի հրամանագրին, քանի որ դրա դեմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Հունվարի մեկից հետո կարող են իհարկե բարձրաձայն բղավել, անգամ հայհոյել հրամանագիր ստորագրողին, բայց «գնացքն արդեն գանցած» կլինի։



