Արցախի խաղն ավարտված խաղ է․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել, երբ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը սկսում է զրոյական կետից։

Փաշինյանն այդ մասին խոսեց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:

Խամոյանը տեսակետ հայտնեց, որ նախորդ երեք իշխանությունների ժամանակ բանակցված ցանկացած փաստաթուղթ, եթե կյանքի կոչվեր, շատ ավելի լավն էր լինելու, քան կա գործող իշխանության կառավարման արդյունքում: Նրա հարցը Փաշինյանի դիրքորոշումների փոփոխության մասին էր:

«Դուք ասացիք, որ իմ բանակցած փաստաթղթի մասին բան չեմ ասել, շատ ճիշտ եք ասում, որովհետև ես չեմ հասցրել բանակցել, ես բան չեմ բանակցել, որ փաստաթուղթ հայտնվի սեղանին: 2019 թվականի ամռանը սեղանին դրված փաստաթուղթը ինձնից առաջ բանակցությունների արդյունքների ամփոփումն է»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով Խամոյանին:

Նա նշեց՝ ինքնորոշման հետ կապված իր վերաբերմունքը հենց սկզբից է փոխվել: Վարչապետը հայտարարեց, որ 2019 թ մարտին ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ինքն ասել է նույն բանը, ինչ հիմա է ասում:

«Այն ժամանակ պարզ է՝ այլ բառապաշարով եմ ասել: Եվ այն ժամանակ է, որ ինքնորոշման իրավունքի նկատմամբ իմ վերաբերմունքը ոչ թե փոխվել է, այլ ես կարդացել, տեսել եմ, թե դա ինչի մասին է: Ինքնորոշման իրավունքի այն կոնցեպտը, որը դրված է եղել 2007 թվականին, այն է, որ մինչև Լեռնային Ղարաբաղը չճանաչվի Ադրբեջանի մաս, ինքնորոշման իրավունքը չի կարող իրացվել հենց ձեր ձեռք բերած պայմանավորվածություններով»,-ասաց Փաշինյանը:

Խամոյանը հիշեցրեց՝ Փաշինյանն ինքն է 2019-ին հայտարարել, որ բանակցությունները սկսել է սեփական զրոյական կետից: Ըստ պատգամավորի՝ պատերազմից հետո է միայն պարզվել, որ 2019-ին բանակցությունների սեղանին փաստաթուղթ է եղել, թաքցվել են բանակցային գործընթացի նրբությունները:

Վարչապետը, անդրադառնալով զրոյական կետի վերաբերյալ դիտարկմանը, ասաց, որ այդ նույն ելույթում 2019 թվականի մարտին հրապարակային է առաջարկել հասկանալ, թե Մադրիդյան սկզբունքներն ի՞նչ է, այս սկզբունքներով ԼՂ-ն կարո՞ղ է ինքնորոշվել, կարո՞ղ է չլինել Ադրբեջանի կազմում:

«Սրա մասին հրապարակային էլ եմ խոսել, որից հետո ստացել եմ պատասխան՝ այո, եթե Ադրբեջանը համաձայնվի: Սա է զրոյական կետը»,-ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ իր սխալն այն է, որ ինքն այն ժամանակ պետք է այդ բանակցային թղթերը ցույց տար, ասեր, որ հասել են այդ կետին, տարբերակ չունեն: «Այ դրա համար ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է: Այ դա իմ սխալն է»,-ասաց Փաշինյանը: