Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է չգիտակցել իր զբաղեցրած պաշտոնի կարևորությունը և դեռ չի ընկալել, որ նախորդ տարվա դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում իր ղեկավարած քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է ստացել։ Փաշինյանը հիմա էլ համոզված է, որ դեռ հասարակությունը պետք է ծրագրեր և նպատակներ դնի կառավարության առջև, կամ ինչպես ինքն է ասում, «թուղթը գրի տա, որ իշխանություններն անգիր անեն»։
Այսօր ԵՊՀ-ում, երբ դասախոսներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե օրինակ՝ հարյուր տարի անց մենք որպես ազգ ի՞նչ ենք լինելու՝ շարունակելու ենք մնալ որպես գործի՞ք ուրիշ ազգերի ձեռքում, թե՞ ուզում ենք դառնալ տարածաշրջանային խաղացող. դրա համար պետք է ունենանք հայեցակարգ, արդյո՞ք ունենք այդ հայեցակարգը: Նաև հարցրեց՝ կա՞ ազգային գաղափարախոսության հայեցակարգ: Այս հարցին տրված վարչապետի պատասխանը բազմաթիվ հարցեր առաջ բերեցին․«․․․Երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ ա՛յ, կգնա՛ս ու Ղարաբաղի հարցը կլուծե՛ս այսպես. սա չկա, մենք չենք ասել: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել, գնա բանակցությունների, էս էլ քեզ թուղթը, կարդա՛, անգի՛ր արա ու կգնա՛ս, այսպե՛ս կլուծես հարցը․․․»,-ասել է վարչապետը:
Հետաքրքիր է` այս հարցին պատասխանելիս վարչապետ Փաշինյանը հիշե՞լ է, որ իր քաղաքական ուժը բացարձակ մեծամասնություն է ԱԺ-ում։ Հիշե՞լ է արդյոք վարչապետը, որ նորմալ, ժողովրդավարական երկրներում, իսկ Հայաստանը, գոնե ինքն ու իր թիմն այդպիսին են համարում, ժողովուրդն ընտրությունների միջոցով է պատվիրակում այս կամ այն ծրագրի իրականացումը։ Այդ Փաշինյանն ու իր թիմը պետք է ընտրությունից առաջ հասարակությանը ներկայացնեին ծրագիր, Հայաստանի առաջ ծառացած խնդիրների լուծման ձևեր, որին հասարակությունը պետք է իր քվեարկությամբ հավանություն տար կամ մերժեր։
Վարչապետի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում նշված է, որ Արցախի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Արցախի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված:
Եվ եթե այսքանից հետո դեռ հասարակությունը պետք է «թղթի վրա գրի, իսկ վարչապետը անգիր անի», ապա սա նշանակում է, որ Փաշինյանն իր տեղում չէ, նա չի ցանկանում պատասխանատվություն վերցնել իր վրա Հայաստանի և հայության համար ամենակարևոր խնդիրներից մեկի մասով ու փորձում է հանրության վրա բարդել պատասխանատվության հիմնական բեռը։ Եվ եթե անգամ Արցախի խնդրի մասով Փաշինյանը լուծման իր բանաձևը չունի, գուցե լավ կլինի հրաժարական տալ ու վարչապետի աթոռը թողնել մեկին՝ ով ունի լուծման իր տարբերակները։



