Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի Անկախության հռչակագրում որոշակի խնդիրներ է տեսնում:
Հարությունյանը նման դիրքորոշում հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«Ես կարծում եմ, որ Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ»,-նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կիսո՞ւմ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ՝ Հարությունյանը դրական պատասխան տվեց:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի նոյեմբերին հայտարարել էր, որ եկել է եզրահանգման, որ Հայաստանի Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։
«Այս նախադասությունը երկար որոշել էի չասեմ, բայց մեկ է պիտի ասեմ՝ վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը: Եվ եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է: Եվ հիմա հարցը, թե որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ասել էր Փաշինյանը։



