Արայիկ Հարությունյանն առայժմ թույլ չի տվել տպ...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դպրոցական դասագրքերն արդեն երկու փուլով հրատարակվել են: Նա տեղեկացրեց՝ այժմ քննարկվում է Հայոց պատմության դասագրքի բովանդակությունը:

«Շատ բարդ քննարկումներ են, հանձնաժողովը չի կարողանում եզրակացության գալ: Որոշ մասնագետներ 180 աստիճանով այլ բան են գրում: Դա քննարկվում է, մնացած բովանդակային հարցերի հետ կապված՝ չափորոշիչներ ու ծրագրեր են մշակվում, որ ավելի երկար պրոցես է»,- ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ տարակարծությունները կապված են Մարտի 1-ի հե՞տ: Նախարարը նշեց՝ ոչ միայն Մարտի 1-ի դեպքերի, այլև ընտրությունների, քաղաքական գնահատականների ու փաստերի հետ կապված քննարկումներ կան:

«Ես առայժմ թույլ չեմ տվել պատմության դասագրքերի տպագրումը, քանի դեռ հանձնաժողովը չի եկել որոշակի եզրակացությունների»,- ասաց նախարարը:

Հարությունյանը չասաց՝ ովքեր են ընդգրկված հանձնաժողովի կազմում, միայն ասաց՝ և´ դասագրքերի հեղինակներն են, և´ հայտնի պատմաբաններ՝ տարբեր կառույցներից: