Տարածաշրջանային երկրների հետ դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Քննարկումները կենտրոնացել են տարածաշրջանում և դրանից դուրս տեղի ունեցող զարգացումների վրա։
Իրանի դիվանագիտական ջանքերի շրջանակներում վերջին շաբաթներին Արաղչին շփումներ է պահպանել տարածաշրջանային գործընկերների հետ՝ մասնավորապես տարածաշրջանային զարգացումների և Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու նպատակով։
Փետրվարի 1-ին Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների ձեռնարկած ցանկացած նոր պատերազմ կվերածվի տարածաշրջանային հակամարտության։
Բողոքի ցույցերն Իրանում սկսվել էին 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը:
Իրանական կողմը ցույցեր հրահրելու համար մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական գործողություններով՝ նրա միջուկային ծրագրի և բողոքի ցույցերի դաժան ճնշման պատճառով:
Ուժերի կուտակման շրջանակներում ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել «Աբրահամ Լինքոլն» ավիակիր խումբը:



