Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ, ընդգծվել է երկու երկրների վճռականությունը՝ ամրապնդելու Իրան-Սաուդյան Արաբիա հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս մասին նշվում է Իրանի ԱԳ նախարարի Telegram ալիքում գրառման մեջ։
Արաղչին շեշտել է տարածաշրջանային երկրների ներքին գործերին արտաքին միջամտության համընդհանուր դատապարտման կարևորությունը՝ ավելացնելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի երկրի տարածքը ցանկացած արտաքին սպառնալիքից։
Նա նաև դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների սադրիչ և միջամտող հայտարարությունները։
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և լարվածության ցանկացած սրման հետևանքների առնչությամբ։ Նա ընդգծել է դիվանագիտական ուղիների և տարածաշրջանային համագործակցության օգտագործման կարևորությունը տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։
Կողմերը նաև ընդգծել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար խորհրդակցությունների և համատեղ ջանքերի գործադրման շարունակականության անհրաժեշտությունը։
Ավելի վաղ Արաղչին հեռախոսազրույցներ էր ունեցել եգիպտացի և հնդիկ գործընկերների հետ։



