Արաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամ...

Իրանի հարևան երկրները պետք է ընդունեն ԱՄՆ-ի անկարողությունն՝ ապահովելու իրենց անվտանգությունը, և աջակցեն Թեհրանի դիրքորոշմանը, որը պնդում է տարածաշրջանից ամերիկյան ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Սաուդյան Արաբիային հղած ուղերձում։

«Իրանը հարգում է Սաուդյան Արաբիային և այն համարում եղբայրական երկիր: Մեր գործողություններն ուղղված են ագրեսոր թշնամիների դեմ, որոնք ոչ մի հարգանք չունեն արաբների կամ իրանցիների նկատմամբ և ոչ էլ կարող են որևէ անվտանգություն ապահովել», - գրել է նա X-ում։

Այդ առնչությամբ Արաղչին խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այն բանին, թե ինչ է Իրանն արել ԱՄՆ-ի «ռազմաօդային հրամանատարության հետ»: Նա գրառմանը կցել է ԱՄՆ օդուժի խոցված ինքնաթիռի նկար։

Արաղչին հավելել է, որ «եկել է ժամանակը հեռացնելու ամերիկյան զորքերը տարածաշրջանից»:

Օրեր առաջ Իրանը հարված էր հասցրել Սաուդյան Արաբիայի «Արքայազն Սուլթան» ավիաբազային։ Հարվածի հետևանքով վիրավորվել էր ամերիկացի 12 զինծառայող, վնասվել էին ամերիկյան լցավորող ինքնաթիռներ, խոցվել էին անօդաչու թռչող սարքեր։ Ոչնչացվել էր նաև Boeing-ի կողմից արտադրված շուրջ 300 միլիոն դոլար արժողությամբ E-3 Sentry ինքնաթիռը։