Արարատ Միրզոյանը և Քերոլայն Քոքսը քննարկել են...

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին, ով Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար:

Այս մասին տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից:

Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:

ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին՝ շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար: