Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձել ե...

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 26-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջի նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր: 

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:  

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները: 

Նշվում է, որ, անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում են: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը: