ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին ընդունեց Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի խոսնակը շնորհավորեց նրան Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու առթիվ եւ արգասաբեր գործունեություն մաղթեց. «Վստահ եմ, որ Դուք կարեւոր ներդրում կունենաք եւ կնպաստեք երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը»:
Միրզոյանը շնորհավորեց դեսպանին երեկ՝ մայիսի 25- ին, Արգենտինայում նշվող ազգային տոներից մեկի՝ Մայիսյան հեղափոխության օրվա առթիվ: ԱԺ նախագահի խոսքով` չնայած աշխարհագրական մեծ հեռավորությանը` երկու երկրների միջեւ հարաբերությունները բարեկամական են, առկա է կառուցողական քաղաքական երկխոսություն: Այս համատեքստում ԱԺ նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը:
«Պարոն դեսպան, Դուք Հայաստանում եք մեզ համար չափազանց ծանր ժամանակահատվածում: Գիտեք, որ նախորդ աշնանը Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ եւ վարձկանների ներգրավմամբ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի հայության դեմ՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները, օգտագործելով արգելված զինատեսակներ:
Արդյունքում՝ թեեւ հաստատվեց հրադադարի ռեժիմ, բայց Ադրբեջանը շարունակում է մինչ օրս խախտել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, Ժնեւյան կոնվենցիայի դրույթները՝ ազատ չարձակելով հայ ռազմագերիներին՝ կեղծ քրեական գործեր հարուցելով վերջիններիս նկատմամբ: Մենք ակնկալում ենք, որ մեր բոլոր միջազգային գործընկերները, առաջնորդվելով մարդասիրական մղումներով, պետք է անհապաղ իրենց ձայնը բարձրացնեն եւ միջամտեն այս հարցին»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը:
Ըստ խորհրդարանի ղեկավարի՝ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը եւ ագրեսիվ հակահայկական հայտարարություններն ու գործողությունները, ինչը ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը երբեւէ չի կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում. «Մեր համոզմամբ՝ ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունը կարող է ապահովվել բացառապես նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»:
Միրզոյանը նաեւ անդրադարձավ ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական զինվորների ներխուժմանը եւ դրա վերաբերյալ բազմաթիվ երկրների հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի կարող կասկածի տակ դրվել, եւ ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ հեռանան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշեց, որ Հայաստանը Արգենտինայի համար կարեւոր երկիր է՝ հատկապես հաշվի առնելով մեծաթիվ հայկական համայնքի ներկայությունը:
Դեսպանը վերահաստատեց Արգենտինայի դիրքորոշումն առ այն, որ ցանկացած հակամարտություն պետք է լուծվի բացառապես դիվանագիտական ճանապարհով. «Անպայման պետք է հարգել միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, համապատասխան կոնվենցիայի դրույթները»: Հանդիպման ավարտին դեսպանը Արարատ Միրզոյանին փոխանցեց Արգենտինայի նախագահի եւ արտաքին հարաբերությունների նախարարի ուղերձները՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: