Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն ուղղված տարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացումը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ՀՀ-ի համար նախատեսված 2021-2025 թվականների ծրագրային փաստաթղթին, որը հանդիսանում է սոցիալական ծառայությունների, կրթության, առողջապահության և երեխաների իրավունքների ոլորտներում բավարար առաջընթաց գրանցելուն միտված համապարփակ շրջանակ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անցած տարվա ադրբեջանաթուրքական ագրեսիայի հումանիտար հետևաքները: Նախարար Միրզոյանն ընդգծել է հակամարտությունից տուժած երեխաների անվտանգության, կրթության և այլ իրավունքների ապահովման գործում ՅՈՒՆԻՍԵՖ-ի առավել ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։