Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Տոյ...

Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է։ Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է Կլաարը։

Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն այսօր մեկնելու է Թուրքիա, որտեղ տեղի է ունենալու նրա և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ ՀՀ արտգործնախարարը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում հանդիպելու է նաև որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Նշենք, որ Միրզոյանն իր պաշտոնավարման ընթացքում երկրորդ անգամ է այցելում Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։