Առանց վիզայի ռեժիմ ԵՄ-ի հետ. ի՞նչ կստանա Հայա...

Բացատրություն նրանց համար, ովքեր լսել են «վիզաների ազատականացում» բառակապակցությունը, բայց մինչև վերջ չեն պատկերացնում, թե դա ի՞նչ է նշանակում:

2024 թվականի սեպտեմբերին Բրյուսելն ու Երևանը սկսեցին մի գործընթաց, որի մասին վերջին տարվա ընթացքում տասնյակ անգամներ գրվել է՝ «վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն»։ Խոստումնալից է հնչում, և շատերը դա ընկալեցին, որ շուտով «ԵՄ-ի հետ կունենանք առանց վիզայի ռեժիմ»։ Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է կառուցված, և հենց այդ բարդության պատճառով այս թեմայի շուրջ բազմաթիվ թյուրըմբռնումներ են կուտակվել՝ չափազանցված սպասումներից, որ «մեկ տարուց առանց վիզայի կմեկնենք Եվրոպա» մինչև այն ամենի թերագնահատումը, ինչն իրականում արդեն փոխվել է։

Հերթով վերլուծում ենք՝ ինչ ունենք այս պահին, ինչ է խոստանում գործընթացը, որքան ժամանակ այն կարող է խլել և ինչու ոչինչ ավտոմատ կերպով երաշխավորված չէ։
Նախ այն մասին՝ ինչն արդեն կա. վիզաների տրամադրման դյուրացում (2014 թվականից)

Սա կարևոր է առանձին շեշտել, քանի որ վիզային ռեժիմի դյուրացումը (visa facilitation) և վիզաների ազատականացումը (visa liberalisation) տարբեր բաներ են։

2014 թվականի հունվարի 1-ից գործում է ԵՄ-ի և Հայաստանի միջև Վիզաների տրամադրման դյուրացման մասին համաձայնագիրը։ Այն չի չեղարկում վիզաների անհրաժեշտությունը, բայց դրա ստացումը դարձնում է ավելի էժան և պարզ՝ նվազեցված վճարներ, փաստաթղթերի պարզեցված փաթեթ դիմորդների մի շարք կատեգորիաների համար, Շենգենյան գոտի բազմակի մուտքով վիզաների ավելի լայն հասանելիություն։

Զուգահեռաբար, 2014 թվականին ուժի մեջ է մտել Ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը. այն կողմերին պարտավորեցնում է հետ ընդունել իրենց քաղաքացիներին, ովքեր մյուս երկրի տարածքում գտնվում են առանց իրավական հիմքերի։ Ռեադմիիսիայի հարցերով կոմիտեն 2014 թվականից ի վեր անցկացրել է արդեն 9 հանդիպում, իսկ Վիզաների դյուրացման հարցերով կոմիտեն՝ 7։ Երկու մեխանիզմներն էլ գործում են, և հենց դրանց արդյունավետ աշխատանքն է այն գործոններից մեկը, որը ճանապարհ հարթում դեպի առանց վիզայի ռեժիմ Հայաստանի համար։ Այս ամենը գործում է այսօր և կշարունակի աշխատել՝ անկախ նրանից՝ կլինի վիզաների ազատականացում, թե ոչ։