14 ամիս տևած կատաղի հակամարտությունից հետո Լիբանանում հիմա հրդադար է: Այս ընթացքում Լիբանանի հայ համայնքին ու Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությանը հերթական խոշոր աջակցությամբ է հանդես եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Արամ Առաջինն այս կապակցությամբ երախտիքի նամակ է հղել:
Վեհափառը Գագիկ Ծառուկյանին հղած նամակում մասնավորապես նշել է.
« Մեծարգո՛ պարոն Գագիկ Ծառուկյան,
Շատ բարձր ենք գնահատում Ձեր ինքնաբուխ նախաձեռնությունը աջակցելու Լիբանանի հայությանը, որը մարդկային ու նյութական լուրջ վնասներ կրեց օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունի հետևանքով: Այս նամակով մեր երախտագիտությունն ենք հայտնում ‹‹Գագիկ Ծառուկյան›› բարեգործական հիմնադրամին լիբանանահայությանն օժանդակելու նպատակով նվիրաբերված 100 միլիոն դրամի համար: Նշյալ գումարի կեսը՝ 50 միլիոն դրամը, Ձեր ցանկությամբ փոխանցվելու է պայթյունի հետևանքով զոհված հայ ընտանիքներին, իսկ մյուս կեսը՝ Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի նորոգմանը:
Հիրավի, Ձեր այս օրինակելի արարքը վկայում է մեր ժողովրդին օգտակար լինելու Ձեր պատրաստակամության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հանդեպ Ձեր սիրո ու հարգանքի մասին: Տակավին մեր հիշողություններում թարմ է շուրջ հինգ տարի առաջ Անթիլիաս կատարած Ձեր այցը՝ մեր միջոցով սիրիահայերին աջակցելու Ձեր նախաձեռնությունը, ինչպես նաև մեր հանդիպումը, որի ընթացքում էլ Դուք հաստատեցիք Սուրբ Աթոռի նկատմամբ Ձեր հարգանքը: Վարձքներդ կատար:
Աղոթում ենք, որպեսզի Բարձրյալը Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջության պարգևի, հեռու պահի Ձեզ բոլոր տեսակի փորձություններից: Թող Աստծո հովանին անպակաս լինի համայն հայությունից, Հայաստանից ու Սփյուռքից:
Հայրապետական օրհնությամբ ու սիրո ջերմ ողջույններով՝ Արամ Ա Կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»: