Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջընթաց են գրանցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի քննարկման գործում։ նա նշել է, որ զրույց է ունեցել եվրոպացի առաջնորդների և Զելենսկու հետ, որն այդ պահին Ելիսեյան պալատում էր՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միասին։
«Մենք միասնականորեն սատարում ենք խաղաղության համաձայնագիրը, որն արդարացի կլինի Ուկրաինայի համար. այնպիսի համաձայնագիրը, որը լիովին կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունը և կապահովի անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։ Մենք առաջ ենք տանում մեր աշխատանքն Ուկրաինայի ֆինանսական կարիքները բավարարելու համար։ Մենք լավ առաջընթաց ենք գրանցել և պլանավորում ենք մեր իրավական առաջարկները ներկայացնել այս շաբաթ», - գրել է ֆոն դեր Լայենը X-ում։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտնել է նաև իրենց գործողությունները «Կամեցողների կոալիցիայի» հետ համակարգելու մասին։
«Մենք Ուկրաինայի պաշտպանական կարողություններն ավելացնում են՝ որպես մեր պաշտպանական կարողությունների մաս», - նշել է նա։
Դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Փարիզում քննարկումներ է անցկացրել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ: Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը բազմաթիվ հարցեր են քննարկել, սակայն ուշադրության կենտրոնում են եղել ռուս-ուկրաինական հակամարտության ավարտը և անվտանգության երաշխիքները:
Նոյեմբերի 30-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի պաշտոնյաները Ֆլորիդայում բանակցությունների ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի ամերիկյան ծրագիրը: Բանակցություններից հետո պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նիստն արդյունավետ էր, բայց դեռ շատ աշխատանք կա անելու:
Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում սպասվում է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:



