Առաջնահերթություն է Կապանում ունենալ արդիական...

Կապանում արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ ունենալը համարվում է առաջնահերթություն։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Առաջնահերթություն է Կապանում ունենալ արդիական և պահանջներին համապատասխանող ֆուտբոլային մարզադաշտ։ Իսկապես հրատապ է։ Գիտեք, որ կառավարությունն էլ մեծ ջանքեր է դնում ֆուտբոլային ժամանակակից ենթակառուցվածք ունենալու ուղղությամբ։ Այս պահին մի շարք որոշումներ ունենք կայացրած Վանաձորի մարզադաշտի արդիականացման ուղղությամբ, ինչպես նաև կառավարությունն աջակցեց, որպեսզի Վաղարշապատ համայնքում մասնավորի կողմից կառուցվի ՈՒԵՖԱ-ի պահանջներին համապատասխան նոր ֆուտբոլային մարզադաշտ։ Շարունակում ենք աշխատանքները այս ուղղությամբ»,– ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ Կապանի մարզադաշտի հարցով գործընթացները որոշակիորեն երկարել են գույքի գնահատման փուլում առաջացած խնդիրների պատճառով։
«Գույքը գնահատվել է, սակայն կադաստրի կոմիտեի գործընկերները որոշակի հարցեր են բարձրացրել գնահատված արժեքի վերաբերյալ, և այժմ գտնվում ենք այդ արժեքի ճշգրտման փուլում։ Ցավոք, սա եզակի դեպք չէ․ անշարժ գույքի գնահատման հաշվետվությունների հետ կապված նման խնդիրներ հաճախ են ի հայտ գալիս, ինչն էլ երկարաձգում է գործընթացները։ Կարծում ենք՝ առաջիկայում համատեղ քննարկում կունենանք բոլոր գործընկերների հետ և լուծում կգտնենք»,– հավելեց Անդրեասյանը։