Առաջին եռամսյակում ՀՀ-ում իրականացվել է ավելի...

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում իրականացված շինարարության ծավալը կազմել է  64 մլրդ 827.4 մլն դրամ՝ 2022-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 15.6 տոկոսով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

 2023-ի հունվար-մարտին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 7 մլրդ 686.6 մլն դրամի շինարարություն (ընդհանուր շինարարության 11.8 տոկոսը), որից 2 մլրդ 415.8 մլն դրամը միջազգային վարկերի հաշվին: Ընդհանուր առմամբ, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի պետբյուջեի միջոցներով իրականացված շինարարության ծավալը նվազել է 37.8 տոկոսով:

Համայնքների միջոցներով իրականացվել է ընդհանուր շինարարության 3.4 տոկոսը՝ 2 մլրդ 200.5 մլն դրամի, նախորդ տարվա առաջին եռամսյակի նկատմամբ աճը 93.4 տոկոս է:

Մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվել է ընդհանուր շինարարության 0.9 տոկոսը՝ 563.3 մլն դրամի: Իսկ կազմակերպությունների միջոցներով իրականացվել է 37 մլրդ 155.3 մլն դրամի շինարարություն, սա կազմել է ընդհանուր շինարարության 57.3 տոկոսը, դրանից՝ 1 մլրդ 254.3 հազար դրամի շինարարություն իրականացվել է օտարերկրյա ներդրողների միջոցների հաշվին, իսկ բնակչության միջոցների հաշվին՝ 17 մլրդ 221.7 մլն դրամի: