Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտնե...

Պետական բյուջեի եկամուտները առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, եւ առեւտրի շրջանառությունը առաջին եռամսյակի տվյալներով եւ մարտ ամսվա տվյալը առանձին վերցրած, էական աճ է արձանագրել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն իր հերթին մանրամասնեց. «Մարտին յապխորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով եւ հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավել է 8,647 մլն հատով, որը նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ: Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ դրա մեջ ներառված է նաեւ  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»:

Նիկոլ Փաշինյանն ամփոփելով ասվածը, նշեց. «Այսպիսով առեւտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտ ամսին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ  մենք պետական բյուջեի եկամուտների  կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սա բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»: