Առաջին անգամ հրապարակվել է հայ-թուրքական «Մար...

ՀՀ վիճակագրական կոմիտեն առաջին անգամ հրապարակել է հայ-թուրքական «Մարգարա» անցակետով իրականացված մուտքերի և ելքերի գրանցումների վերաբերյալ տվյալները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է՝ ուսումնասիրելով ՀՀ բնակչության տեղաշարժերի վերաբերյալ ՎԿ-ի կայքում հրապարակված պաշտոնական ցուցանիշները:

Ըստ այդմ՝ 2023թ. հունվար- սեպտեմբեր ամիսներին հայ-թուրքական «Մարգարա» սահմանային անցակետով Թուրքիայից Հայաստան է մուտք գործել ՀՀ անձնագիր ունեցող 38, իսկ դուրս եկել 10 քաղաքացի: Սահմանային գրանցման հաշվեկշիռը կազմել է 28: Այս ցուցանիշն ամենայն հավանականությամբ արտացոլում է այս տարվա փետրվարին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո հիշյալ անցակետով հումանիտար բեռ տեղափոխած հայ վարորդների, ինչպես նաև Հայաստան վերադարձած մեր փրկարարների թվաքանակը: 

Նկատենք, որ նախորդ տասնամյակների ընթացքում Մարգարայի սահմանային անցակետով մուտքեր և ելքեր չեն գրանցվել:

Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ օր անց՝ 2023թ. փետրվարի 8-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության որոնողափրկարարական թիմի 27 անդամներ գործուղվել էին Թուրքիայի Ադըյաման քաղաք և մինչև փետրվարի 16-ը մասնակցել երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին: Իսկ փետրվարի 11-ին և 15-ին ընդհանուր 112 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված հայկական բեռնատարները հատել էին հայ-թուրքական Մարգարա-Ալիջան (Իգդիր) ցամաքային սահմանը և ուղևորվել Թուրքիա:

2023 թվականի գարնանը Մարգարա գյուղի անցակետի տարածքը փոխանցվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տնօրինությանը։ Հաշվի առնելով, որ Մարգարա գյուղի նախկին մաքսատան շենքը շահագործման ենթակա չէ, Հայաստանի իշխանությունները նոր անցակետ են կառուցում, որի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։