Առաջիկայում սպասվում է գերիների և անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
«Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով», - նշեց Աբազյանը:
Ժամկետների և վայրի վերաբերյալ, ըստ ԱԱԾ տնօրենի, որոշում չկա:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում հիմա 23 հայ է գերության մեջ, նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ Հաստատված գերիների ցանկում անհետ կորած զինծառայողներ կամ խաղաղ բնակիչներ անուններ չկան։