Առաջիկայում մեր կենցաղային հոգսերը հոգալու են...

Երևանում անցկացվեց Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովը (ArmIGF2025)՝ մեկ հարթակում համախմբելով տարբեր ոլորտների ներկայացուցիչների։ 

Համաժողովը հնարավորություն է ստեղծում քննարկել ինտերնետի և նոր տեխնոլոգիաների կիրառումը: 

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդգծեց համաժողովի կարևորությունը՝ նշելով, որ ինտերնետն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, սկսել է լայն գործածվել և ազդել գրեթե բոլոր ոլորտների  և առհասարակ մարդկանց առօրյա ապրելակերպի վրա: 

«Եթե նախկինում մարդիկ ճանապարհորդելիս ստիպված էին գնալ գրասենյակներ, հերթեր կանգնել՝ վիզա կամ ավիատոմս ձեռք բերելու համար, տեղ հասնելուն պես էլ քարտեզ գնել կողմնորոշվելու նպատակով, ապա այսօր այդ ամբողջ գործընթացը տեղափոխվել է թվային միջավայր։ Քարտեզներն այժմ գրեթե միայն արխիվների կամ իրավական փաստաթղթերի համար են տպվում, քանի որ բոլորը կողմնորոշվում են իրենց հեռախոսների միջոցով՝ գտնելով ուղիները, պատվիրելով մեքենաներ, գնելով ավիատոմսեր, կապ հաստատելով հարազատների հետ։ Այլևս գոյություն չունեն քաղաքային հեռախոսներ կամ միջազգային զանգերի միացման կենտրոններ։ Այս ամբողջ փոփոխությունը տեղի է ունեցել մեր աչքի առաջ»,- նշեց Արշակյանը: 

Նրա խոսքով՝ ինչպես ինտերնետը փոխեց մարդկության կենցաղը, այսօր նույնպիսի շրջադարձային փուլ է՝ կապված արհեստական բանականության զարգացումների հետ։ «Արհեստական բանականությունն արդեն իսկ առկա է մեր առօրյա կյանքում, սակայն առաջիկա տարիներին այն անճանաչելիորեն կփոխի հասարակությունների և կենցաղների կառուցվածքը»,-ընդգծեց նա։ 

Ըստ Արշակյանի՝ նորարարությունները սկզբում հաճախ քարկոծվում են, բայց հետո փոխում են հասարակությունը։ «Առաջիկայում մենք ականատես ենք լինելու, որ կենցաղային հոգսերը հոգալու են արհեստական բանականությամբ զինված ռոբոտները։ Դա հնարավորություն կտա մարդկանց ավելի շատ զբաղվել երեխաների դաստիարակությամբ, կրթությամբ, ստեղծարար և գիտական գործունեությամբ»,-  նշեց  ԱԺ փոխնախագահը: 

Արշակյանը շեշտեց,  որ առաջիկա տասնամյակում աշխարհը կանցնի արմատական տեխնոլոգիական փոփոխությունների միջով, որոնք անմիջականորեն կազդեն նաև երկրների տնտեսությունների, կրթական համակարգերի և նույնիսկ պետական ինքնիշխանության վրա։ «Արդյունաբերությունը, հասարակական կյանքը և նույնիսկ երկրների անկախության ու տարածքային ամբողջականության հարցերը կախված կլինեն նրանից, թե որքանով են այդ երկրները կարողանում օգտագործել նոր տեխնոլոգիաները, մասնավորապես արհեստական բանականությունը, ռոբոտատեխնիկան և ավիաատիեզերական ոլորտը»,-ասաց  նա։

Հակոբ Արշակյանը հիշեցրեց, որ իր նախաձեռնությամբ ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդն արդեն հիմնել է Նորարարության հայկական հիմնադրամը, որը պատասխանատու է երկարաժամկետ պետական ծրագրերի մշակման համար՝ հատկապես արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի, ավիաատիեզերական և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում։

Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանն էլ ընդգծեց, որ համաժողովի 10-րդ հոբելյանական նստաշրջանում կարևոր հարթակ է ստեղծվել, որտեղ մասնավոր, ակադեմիական, մասնագիտական և պետական հատվածը միասին քննարկում են ինտերնետի հասանելիության, անվտանգության և զարգացման խնդիրները։  

«Այս տեսակետից մենք կարևորում ենք ինտերնետի հասանելիությունը, քանի որ դա է հենքը, որի հիման վրա կարողանալու ենք ապահովել վստահության հիմքով թվային ծառայությունների հասանելիությունը մեր քաղաքացիների համար։ Եվ վստահության միջավայրը հենց գալիս է ինտերնետ միջավայրի հանդեպ ձևավորվող վստահությունից, որը նաև ուղղակիորեն առնչվում է կիբեռանվտանգության ռիսկերի հետ: Հիմքը միասնական ստանդարտներն են և խթանների ձևավորումը, որպեսզի մասնավոր և ակադեմիական հատվածը, պետական մարմինները կարողանան համատեղ առավելագույն ջանքեր գործադրել և համագործակցային միջավայրում առավելագույնի հասցնել հարմարավետ ծառայությունների և ենթակառուցվածքների հավասար հասանելիությունը մեր քաղաքացիների համար»,- ասաց նա: 

Ըստ Երիցյանի՝ կիբեռանվտանգության հարցերն ու ռիսկերը մեկ ընկերության խնդիրը չեն, յուրաքանչյուրն իր տեղում պետք է հասկանա, թե ինչ ձևով պետք է վերաբերվի իր միջավայրին, որպեսզի հնարավոր լինի լուծել անվտանգ ինտերնետ միջավայրում աշխատանքները կազմակերպելու հարցը: 

ICANN-ի Եվրոպայի կառավարիչ տնօրեն և շահագրգիռ կողմերի հետ կապերի գծով փոխնախագահ Քրիստոֆեր Մոնդինին էլ նշեց, որ ինտերնետը և համացանցը հավաքական ջանքն է անհատների, ընկերությունների, կառույցների, ակադեմիական շրջանակների, տեխնիկական մասնագետների և բոլոր այն անձանց, որոնք նպաստում են դրանց զարգացմանը:

«Ես գիտեմ, որ Հայաստանում կան հիանալի ղեկավարներ, փորձագետներ, որոնք հիանալի գիտեն, թե ինչ կարելի է անել, ինչպես կարելի է աշխատել տարբեր ծրագրավորման լեզուների հետ: Շատ գոհացուցիչ է, որ այսքան շատ մարդիկ են այստեղ, այդ թվում՝ երիտասարդներ, և նրանք զբաղվում են ծրագրերով, որոնք կերտելու են  ապագան»,- նշեց  Քրիստոֆեր Մոնդինին: 

Մոնդինին հավելեց, որ Հայաստանն աշխարհի համար բաց երկիր է, որին հաջողվել է ունենալ շատ որակյալ ինտերնետ՝ լավագույն հնարավորություններով։