Առաջիկա ընտրությունների նախապատրաստումը՝ հանդ...

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 20-ին աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Շիրակի մարզպետ Դավիթ  Առուշանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանության վիճակին, սոցիալական, համայնքային և կառավարման ոլորտներին առնչվող հիմնահարցեր։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կարևորել է նման հանդիպումների պարբերական բնույթը: «Այս կերպ հնարավորություն ունենք տեղում անդրադառնալ խնդիրներին, քննարկել քաղաքացիներին հուզող հարցերը և համատեղ գտնել գործնական լուծումներ։ Վստահ եմ, որ այս ձևաչափով շարունակական շփումը կնպաստի մարզում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը»։

Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Շիրակի մարզպետի աշխատակազմի հետ ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունը։ Պաշտպանի խոսքով՝ վերջին շրջանում մարզից ստացված դիմումներում զգալի թիվ են կազմում թափառող շների հիմնախնդրին վերաբերող հարցերը։ Անդրադառնալով նշված խնդրին՝ Դավիթ Առուշանյանը շեշտել է, որ հարցն ունի երկու կարևոր բաղադրիչ՝ քաղաքացիների անվտանգությունն ու կենդանիների հանդեպ մարդասիրական վերաբերմունքը։

«Մարզի յուրաքանչյուր բնակիչ պետք է վստահ լինի, որ իր և իր երեխաների անվտանգությունը պատշաճ մակարդակով ապահովված է։ Միաժամանակ, խնդրի լուծումը պետք է լինի օրենքի շրջանակներում և հավասարակշռված՝ ապահովելով կենդանիների նկատմամբ պատասխանատու և հումանիտար վերաբերմունքը»,-նշել է մարզպետը։

Հանդիպման առանձնահատուկ թեմաներից է եղել նաև առաջիկա ընտրական գործընթացների նախապատրաստումը։ Կողմերը կարևորել են մարզի բոլոր համայնքներում ընտրական իրավունքի լիարժեք իրացումն ու ազատ ու թափանցիկ ընտրությունների անցկացման ապահովումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը՝ ուղղված մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների համակարգված լուծմանը։

Պաշտպանը այցի շրջանակներում հանդիպումներ է ունենալու Գյումրիի թիվ 1 վարժարանում ու Շիրակի պետական համալսարանում: