
Ամերիկյան Lockheed Martin ռազմարդյունաբերական կորպորացիան առաջիկա ամիսներին Թայվան կուղարկի 10 F-16C/D Block 70/72 բազմաֆունկցիոնալ կործանիչ։ Այդ մասին հայտնել է Taipei Times թերթը՝ հղում անելով կղզու պաշտպանության նախարարության անանուն ներկայացուցչին խոսքերին։
Նրա տվյալներով՝ դա կլինի Թայբեյի կողմից ավելի վաղ պատվիրած 66 կործանիչներից բաղկացած առաջին խմբաքանակը։ Դրանք ԱՄՆ-ից Թայվան կժամանեն ինքնուրույն՝ անցնելով Հավայան կղզիներով և Գուամով՝ օդում վերալիցքավորման միջոցով։ Աղբյուրը նշել է, որ ինքնաթիռները կմիանան Թայթունգում տեղակայված 7-րդ մարտավարական կործանիչ թևին, որը կդառնա «Թայվանի ռազմաօդային ուժերի ամենահզոր ստորաբաժանումը»։
Նոր կործանիչները գնվել են Միացյալ Նահանգներից՝ որպես կղզուն զենքի մատակարարման փաթեթի մաս, որը Վաշինգտոնը հաստատել է 2019 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: Սկզբնապես սպասվում էր, որ Թայվանն առաջին խմբաքանակը կստանա 2023 թվականին, սակայն մի շարք պատճառներով կործանիչների փոխանցումը նախատեսված ժամկետում տեղի չունեցավ։ Թայբեյը բազմիցս մտահոգություն է հայտնել ամերիկյան ինքնաթիռների մատակարարման ուշացման վերաբերյալ։
Այս տարվա մարտին կորպորացիայի՝ Գրինվիլում (Հարավային Կարոլինա) գտնվող գործարանում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Lockheed Martin-ը պաշտոնապես Թայվանին է փոխանցել նմանատիպ առաջին կործանիչը։ Թայվանի պատվերի համար ինքնաթիռների հավաքման գործընթացը շարունակվում է: Թայբեյն այժմ ակնկալում է մինչև 2026 թվականի վերջը ստանալ բոլոր 66 ինքնաթիռները։