«ՆԱՏՕ-ն առաջիկա երկու տասնամյակում պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ պատերազմի»․ The Daily Telegraph–ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը՝ ամփոփելով հունվարի 17-18-ը դաշինքի անդամ երկրների եւ Շվեդիայի գլխավոր շտաբների պետերի նիստի արդյունքները։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեզ տրված չէ գտնվել խաղաղության մեջ», - նշել է Բաուերը․ «Եվ հենց այդ պատճառով մենք (ՆԱՏՕ-ի ուժերը) պատրաստվում ենք Ռուսաստանի հետ հակամարտությանը»։
Նրա խոսքով՝ դաշինքը պետք է ավելի պատրաստ լինի սպառնալիքների ամբողջ սպեկտրին․ «Պետք է նաև համակարգ մշակել, որը թույլ կտա ավելի շատ մարդկանց ծառայության կանչել, եթե բանը հասնի պատերազմին», - ընդգծել է նա: Հակամարտության նախապատրաստումը, ինչպես նշել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը, պահանջում է նաև արդյունաբերական բազայի վրա հենվելու հնարավորության ստեղծում, որը կարող է արագ զենք–զինամթերք արտադրել: