Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել Հայրենիք...

«Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» գործող օրենքը սահմանում է, թե ովքեր են հավերժացման ենթակա: Սահմանվում են հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման հիմնական ձևերը: Դրանց շարքում է նաև հիշարժան օրերի և համապետական հիշատակի օրվա ընդունումը, ինչը, ըստ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի, այս 25 տարիների ընթացքում չի արվել:

Առաջարկվում է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել և հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր: Օրենսդրական առաջարկի հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Գեղամ Նազարյանը:

Օրինագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանի գնահատմամբ՝ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ այն որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն և խորհուրդ: «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը և հավելել, որ հունվարի 28-ին ավանդաբար պաշտոնյաները և այլ անձինք այցելում են Եռաբլուր ու օրը սկսում զոհերի հիշատակը հարգելով: Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ թե սգո, այլ հիշատակի օր:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ այդ օրը Բանակի օրվա հետ է կապվում, և առաջարկել է առանձին օր նշանակել: ՀՀ ԱԺ փոխնախագահ, օրինագծի համահեղինակ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այլ օր սահմանելու հիմնավորված ու փաստարկված առաջարկ եթե լինի, իրենք պատրաստ են քննարկել:

Հարակից զեկույցում Ալխաս Ղազարյանն առաջարկել է կողմ քվեարկել, իսկ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն էլ ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն առաջարկել է օրվան համահունչ խորհրդանիշ ունենալ:

Հարցը քննարկվել և արժանացել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը: