Առաջարկվում է Երևանի՝ 100 տարեկան դարձած բնակ...

Առաջարկվում է Երևան քաղաքի բնակիչներին 100-ամյակը լրանալու կապակցությամբ քաղաքային բյուջեից ցուցաբերել 1 մլն դրամի չափով դրամական աջակցություն: Այդ մասին նախագիծը Երևանի ավագանու՝ նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը:

«Վերլուծելով ԱՍՀՆ տրամադրած տեղեկատվությունը՝ 2018-2023 թվականների ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 30 բնակիչ: Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Շահառուին ներկայացվող և գոծընթացային պահանջները հետևյալն են. 100-ամյակը լրանալու պահի դրությամբ շահառուն վերջին 5 տարին պետք է հաշվառված լինի Երևան քաղաքում՝ համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների:

Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որը տրամադրվում է տվյալ շահառուի թոշակային քարտին կամ «Հայփոստի» ծառայության միջոցով: Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտութուն չի առաջանալու»,- ասաց նա:

Նախագծով ընդունվող դրույթները կտարածվեն որոշումն ուժի մեջ մտնելու պահին, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ին 100-ամյակն արդեն բոլորած Երևանի այն քաղաքացիների վրա, որոնք 100-ամյակը լրանալուն նախորդող 5 տարիներին հաշվառված են եղել Երևանում: