Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղ...

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք:

Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը:

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանում վերոնշյալ կարգավորումը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Քննարկվել են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

Ըստ հիմնական զեկուցողի՝ խոշոր համայնքները կկարողանան ստանձնել եւ իրականացնել նոր լիազորություններ: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացման եւ փոփոխության նպատակն է վերոհիշյալ համայնքում նշանակել համայնքի ավագանու ընտրություններ, որը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 16-ին: Նախատեսվում է միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու եւ միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ օրենքով տալ իրավակարգավորումներ:

Օրենքի ընդունումից հետո ՀՀ-ում համայնքների թիվը կդառնա 70, որից 63-ը՝ միավորված: Դավիթ Խուդաթյանի համոզմամբ խոշոր համայնքային միավորներն ավելի արդյունավետ են կառավարվում ե՛ւ կառավարման կարողությունների, ե՛ւ ֆինանսական տեսանկյունից:

Ելույթների ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները նշել են, որ փոփոխությունը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, բարձրացրել համայնքներում հանրային լսումների անցկացման կարեւորությունը, ինչը, ըստ իրենց, չի արվել: Այս մտահոգությանն ի պատասխան՝ իշխող ուժի ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը՝ որպես Խոյ համայնքի ներկայացուցիչ, ընդգծել է, որ իրենք ողջունում են այս փոփոխությունը, որը ենթակառուցվածքային առումով առավել հարմար է քաղաքացիներին: Պատգամավոր Վահե Ղալումյանն էլ նշել է, որ վերջին ամսվա ընթացքում երեք անգամ իր գլխավորած հանձնաժողովի գործընկերների հետ հանդիպել են մարզպետարանի աշխատակազմի, ավագանու անդամների, շրջանառվող թեկնածուների հետ:

Արտահերթ ելույթում ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքել է ընդդիմադիր պատգամավորների ելույթներին: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված է կատարվում համայնքների միավորումը, ԱԺ նախագահի տեղակալը հիշեցրել է, որ իշխող ուժը երկու տեղում էլ քաղաքապետ ունի: «Գնալու ենք ավելի ժողովրդավար ընտրությունների»,- հայտարարել է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արծվիկ Մինասյանը: Խմբակցության քարտուղարը խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քաղաքական նպատակադրումների մասին:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանի հայտարարությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդգծել է. «Դուք դարձել եք Հայաստանի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գործիք, եւ ձեր բոլոր պետականամետ, ազգայնամետ դատողություններն այդ սքեմի տակ թաքնված հասկացություններ են: Իրականությունը բոլորը գիտեն»:

Հանրային քննարկումներ ու քաղաքացիների հետ հանդիպումներ չկազմակերպելու մասով էլ եզրափակիչ ելույթում Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ Խոյի եւ Վաղարշապատի համայնքապետարանների կայքերում այդ մասով եղել են հրապարակումներ: