
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանը, Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը, Արսեն Թորոսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն առաջարկում են լրացում կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և փոփոխություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում:
Օրենսդրական փաթեթը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի նիստում քննարկման է ներկայացել Սերգեյ Բագրատյանը: Զեկուցողը նշել է, որ մեքենաներում հնչող երաժշտությանն ու խլացուցիչների բարձր ձայնին առնչվող հարցերը չեն կարգավորվում որևէ օրենքով: Շատ հաճախ մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը և խլացուցիչների ձայնը խանգարում են հասարակական անդորրը և բարձրացնում աղմուկային աղտոտումը: Օրենսդրական փաթեթի ընդունումը, ըստ զեկուցողի, ուղղված է այդ խնդրի լուծմանը: Պատգամավորներն առաջարկում են արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչների տեղադրումը:
Առաջարկվում է նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել վարչական տույժ, և այն կիրառել օրենքը խախտող քաղաքացիների նկատմամբ: Տուգանքն առաջարկվում է նշանակել սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, ինչպես նաև կիրառել տուգանային երկու միավոր:
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կառավարությունը, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում օրենսդրական փաթեթը, սակայն կան որոշ խնդիրներ առաջարկվող ձևակերպումների հստակեցման առումով: Փոխնախարարն առաջարկել է մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում աշխատել հեղինակների հետ՝ նախագծերն իրագործելիության տեսանկյունից լավարկելու և ձևակերպումներն առավել որոշակի դարձնելու համար:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ: Հանձնաժողովն առաջարկել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: