Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստում:
Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետը 2 անգամ երկարաձգվել է 2009 թվականի մայիսի 15-ին եւ 2016 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված համաձայնություններով:
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով 2024 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը եւս 7 տարի ժամկետով՝ մինչեւ 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն, որը գործելու է 2023 թվականի նոյեմբերի 25-ից:
Համաձայնագրի նպատակն է ՀՀ եւ ԱՄՆ միջեւ ապահովել համագործակցություն՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, ինչպես նաեւ այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական եւ քիմիական զենքերի, ինչպես նաեւ այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը եւ փոխադրումը կանխելու նպատակով:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը համաձայնագրի վերաբերյալ փոխանցել է Հայկ Սարգսյանը: