Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է իր ծառայողական շենքում տարածք տրամադրել այնպիսի ներկայացուցչության ստեղծման համար, որը տեղում կհամակարգի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արդյունքում ձևավորվող տնտեսական կապերն ու առևտրային հարցերը։ Այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։
«Կարգավորման գործընթացի արդյունքում առաջացող տնտեսական հարաբերությունները, համակարգումը և առևտրային հարցերը տեղում կառավարելու համար մենք Վանում համապատասխան ներկայացուցչության ստեղծումը դիտարկում ենք որպես ռազմավարական անհրաժեշտություն։
Որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատ՝ մենք նույնիսկ պատրաստ ենք մեր ժամանակակից ծառայողական շենքում տարածք տրամադրել նման ներկայացուցչության ստեղծման համար և այդ ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերել»,-ասել է Թաքվան։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահն ընդգծել է, որ ինքն ու իր գլխավորած պատվիրակությունը Հայաստանում չեն ներկայացնում Թուրքիայի ազգային քաղաքականությունը։ Նրանց նպատակը Վանի և տեղի գործարարների տնտեսական շահերն ու հնարավորությունները ներկայացնելն է։
«Այս հարցում, իհարկե, մենք այստեղ չենք ներկայացնում մեր երկրի ազգային քաղաքականությունը։ Մենք այստեղ ենք, ինչպես հարգարժան նախագահն էլ նշեց, մեր քաղաքի, մեր գործարարների շահերն ու տնտեսական հնարավորությունները ներկայացնելու և դրանք ընդլայնելու համար։
Այս առիթով, սկսելով խոսքս, ցանկանում եմ ողջունել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչներին, հարգարժան նախագահին, հարգարժան դեսպանին, մամուլի ներկայացուցիչներին և այստեղ ներկա մեր բոլոր բարեկամներին։ Շնորհակալություն ընդունելության համար։
Մենք այսօր, որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատի պատվիրակություն, գտնվում ենք Երևանում՝ հազարավոր տարիների ընդհանուր պատմության, հինավուրց աշխարհագրության և անխախտ հարևանության սրտում։
Մեզ համար մեծ պատիվ և հպարտություն է ձեզ՝ մեր թանկագին բարեկամների հետ նույն սեղանի շուրջ նստելը։ Մեզ այսքան ջերմ, անկեղծ և բարձր մակարդակի հյուրընկալությամբ ընդունելու համար մեր վարչության, մեր խորհրդի և Վանի գործարար աշխարհի անունից ձեզ բոլորիդ հայտնում եմ մեր երախտագիտությունը»,-ասել է Թաքվան։
Նա իր ելույթում անդրադարձել է Վանի և Երևանի միջև պատմական ու սոցիալ-մշակութային կապերին՝ շեշտելով, որ ընդհանուր աշխարհագրությունն ու պատմական ժառանգությունը կարող են հիմք դառնալ փոխադարձ բարեկեցության, սահմանային առևտրի և կայուն տարածաշրջանային խաղաղության համար։
«Աշխարհագրությունը ճակատագիր է։ Սակայն այդ ճակատագիրը փոխադարձ բարեկեցության, սահմանային առևտրի և կայուն տարածաշրջանային խաղաղության վերածելը կախված է մեզանից, այսինքն՝ մեր ընդհանուր կամքից»,-նշել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է եղել, իսկ պաշտոնական հաղորդակցության հնարավորությունները՝ սահմանափակ, քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ներկայացուցիչները շարունակել են հաղորդակցության ու առևտրային դիվանագիտության կամուրջներ կառուցել երկու հասարակությունների միջև։
«Իհարկե, այն ժամանակաշրջաններում, երբ սահմանային անցակետերը փակ են եղել, իսկ պաշտոնական հաղորդակցության ուղիները ժամանակ առ ժամանակ խցանվել են, նույնիսկ ամենադժվար ժամանակներում եղել են հատուկ դերակատարներ, որոնք բաց են պահել այս տարածաշրջանի հաղորդակցության ուղիները և քաղաքացիական ու առևտրային դիվանագիտության կամուրջներ կառուցել երկու հասարակությունների միջև։
Այս համատեքստում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառույցներին և մարդկանց, որոնք տարիներ շարունակ աշխատել են քաղաքացիական և առևտրային դիվանագիտության ուղղությամբ։
Դրանցից մեկը Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներն են, որոնք մեծ ջանքեր են ներդրել երկու երկրների գործարարներին նույն առևտրային սեղանի շուրջ համախմբելու համար։
Մյուս կարևոր կառույցը Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամն է, որը տնտեսական հարաբերությունների և առևտրային դիվանագիտության ակադեմիական հիմքերի ձևավորման գործում կարևոր աշխատանք է կատարել։
Շնորհակալություն ենք հայտնում նաև Եվրոպական միությանը և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն աջակցող ծրագրի հայաստանյան և թուրքական գործընկերներին։
Այս բոլոր կառույցների և մարդկանց աշխատանքի շնորհիվ այսօր մենք այստեղ ենք և մեծ ուրախություն ու հպարտություն ենք զգում այս գործընթացի մի մասը լինելու համար։
Եթե երկու կողմերում տարիներ շարունակ աշխատած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և գործարարները չլինեին, այսօր մենք չէինք կարող ունենալ այսքան ուժեղ և հույսով լի մթնոլորտ»,- ընդգծել է Թաքվան։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ նա կարևորել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, ուղիղ օդային բեռնափոխադրումներին և սահմանային անցակետերի տեխնիկական ենթակառուցվածքներին առնչվող զարգացումները։
Նրա գնահատմամբ՝ դիվանագիտությունը կարող է ճանապարհ բացել, սակայն այն մշտական դարձնող և երկու հասարակությունների համար բարեկեցություն ապահովող իրական ուժը առևտուրն է։
«Հարգարժան գործարար գործընկերներ, այժմ ուզում եմ խոսքս շարունակել տնտեսական իրողությունների, լոգիստիկ ծախսերի և առկա հնարավորությունների մասին։
Թուրքիայի և Հայաստանի միջև հատուկ ներկայացուցիչների մակարդակով ընթացող գործընթացը, ուղիղ օդային բեռնափոխադրումների և սահմանային անցակետերում իրականացվող տեխնիկական ենթակառուցվածքային աշխատանքները կարևոր զարգացումներ են։
Որպես Վանի առևտրի և արդյունաբերության պալատ՝ ցանկանում ենք ընդգծել, որ դիվանագիտության բացած ճանապարհը մշտական դարձնող և հասարակությունների համար բարեկեցություն ստեղծող իրական ուժը հենց առևտուրն է»,-հայտարարել է Թաքվան։
Նրա խոսքով՝ Վանն իր աշխարհագրական դիրքով Թուրքիայի՝ Հայաստանին, իսկ Հայաստանի տարածքով նաև տարածաշրջանի ավելի լայն շուկաներին կապվելու ամենամոտ և հարմար կենտրոններից մեկն է։
Թաքվան նշել է, որ սահմանային անցակետերն առևտրի համար բացելու դեպքում Վանի և Երևանի միջև ավտոմոբիլային ճանապարհի երկարությունը կարող է կազմել մոտ 290 կիլոմետր, իսկ ճանապարհը հնարավոր կլինի հաղթահարել շուրջ երեք-չորս ժամում։
«Վանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքիայի՝ Հայաստանին, իսկ Հայաստանի միջոցով նաև ավելի լայն տարածաշրջանային շուկաներին կապվելու ամենամոտ և ամենահարմար կենտրոններից մեկն է։
Եթե նայենք ռացիոնալ տնտեսական տվյալներին, պատկերը բավական պարզ է։
Սահմանային անցակետերն առևտրի համար բացվելու դեպքում Վանի և Երևանի միջև ավտոճանապարհային հեռավորությունը կարող է կազմել ընդամենը մոտ 290 կիլոմետր, այսինքն՝ շուրջ երեք-չորս ժամ ճանապարհ։
Այդ դեպքում Վրաստանի կամ Իրանի միջոցով իրականացվող, օրեր տևող շրջանցիկ փոխադրումները և վերաարտահանման լրացուցիչ ծախսերը կարող են վերանալ»,-ասել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։
Նա Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների հեռանկարային ուղղություններից է համարել նաև երկու երկրների արտադրական կարողությունների փոխլրացումը։
Թաքվայի ներկայացմամբ՝ Վանի կազմակերպված արդյունաբերական գոտում արտադրվող շինանյութերը, շինարարական քիմիական նյութերը, պլաստմասսայից և փաթեթավորման համար նախատեսված արտադրանքը, որակյալ կահույքն ու վերամշակող արդյունաբերության արտադրատեսակները կարող են բավարարել Հայաստանում առկա պահանջարկի մի մասը։
Միաժամանակ Հայաստանը, ըստ նրա, ուժեղ դիրքեր ունի մետալուրգիայի, տեքստիլի և մի շարք այլ ոլորտներում, ինչը կարող է հիմք ստեղծել ուղիղ համագործակցության համար։
«Մյուս կարևոր հարցը ոլորտային փոխլրացումն է։
Վանի կազմակերպված արդյունաբերական գոտու արտադրական ներուժը կարող է բավարարել Հայաստանում բարձր պահանջարկ ունեցող մի շարք ապրանքների պահանջարկը՝ շինանյութեր, շինարարական քիմիական նյութեր, պլաստմասսա, փաթեթավորում, որակյալ կահույք և վերամշակող արդյունաբերության արտադրանք։
Նույն կերպ Հայաստանը ուժեղ դիրքեր ունի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ մետալուրգիայի, տեքստիլի ոլորտներում, և այստեղ ևս ուղղակի համագործակցության հնարավորություն կա։
Սա մրցակցություն չէ։ Իրականում սա նշանակում է, որ երկու հարևան երկրների արդյունաբերությունները կարող են լրացնել միմյանց»,- ընդգծել է Թաքվան։
Նա հայ և թուրք գործարարներին առաջարկել է չսահմանափակվել միայն առևտրային հարաբերություններով և դիտարկել համատեղ արտադրություններ ու գործընկերություններ ստեղծելու հնարավորությունը։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խոսքով՝ Հայաստանի ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելու և անհրաժեշտ տեղական ավելացված արժեք ապահովելու դեպքում հնարավոր կլինի օգտվել Եվրասիական տնտեսական միության շուկայի հնարավորություններից։
«Կա նաև 180 միլիոնանոց եվրասիական շուկան։
Մենք այստեղ չենք եկել միայն որպես առևտրականներ։ Մենք ցանկանում ենք նաև, որ մեր արտադրողները համատեղ գործընկերություններ ստեղծեն։
Հայաստանի առաջարկած ազատ տնտեսական գոտիներում արտադրություն կազմակերպելով և անհրաժեշտ տեղական ավելացված արժեք ապահովելով՝ հնարավոր է օգտվել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու ընձեռած հնարավորություններից և մուտք ունենալ շուրջ 180 միլիոնանոց շուկա»,-նշել է նա։
Թաքվան Հայաստան-Թուրքիա տնտեսական հարաբերությունների զարգացման համար ներկայացրել է երկու ռազմավարական և ինստիտուցիոնալ առաջարկ։
Առաջին առաջարկը վերաբերում է դիվանագիտական ներկայացուցչությանը և տնտեսական ու առևտրային հարցերի տեղական համակարգման մեխանիզմի ստեղծմանը։
Երկրորդը վերաբերում է մշակութային և առևտրային դիվանագիտության շրջանակում երկու երկրների միջև համագործակցությունն ինստիտուցիոնալ ու շարունակական դարձնելուն։
Նա ընդգծել է, որ փակ սահմանները խոչընդոտում են ոչ միայն տրանսպորտի և ապրանքների տեղաշարժին, այլև սահմանափակում են մարդկանց միջև հաղորդակցությունն ու փոխըմբռնումը։
«Թանկագին բարեկամներ, հարգարժան գործարարներ, սահմանների փակ լինելը սահմանափակում է ոչ միայն մեքենաների և ապրանքների տեղաշարժը։ Այն նաև սահմանափակում է մարդկանց մտածողության մեջ գոյություն ունեցող հաղորդակցության ուղիները։
Մենք այսօր այստեղ ենք այդ փակ ուղիները բացելու, արտադրական և տնտեսական հնարավորությունները մարդկային հարաբերությունների ջերմության հետ միավորելու համար։
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել գործընթացին աջակցող բոլոր քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և երկու երկրների գործարար աշխարհին»,- ասել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի ելույթին՝ Թաքվան առաջարկել է Եվրոպական միությանն ավելի մեծ աջակցություն ցուցաբերել նաև Թուրքիայում գործող այն կառույցներին, որոնք աշխատում են Հայաստան-Թուրքիա համագործակցության զարգացման ուղղությամբ։
«Կարծում եմ՝ Եվրոպական միությունը Հայաստանին ցուցաբերվող աջակցությանը զուգահեռ պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի նաև Թուրքիայի այն գործընկեր կառույցներին, որոնք աշխատում են Հայաստան-Թուրքիա համագործակցության ուղղությամբ։ Կարծում եմ՝ այս հարցում Եվրոպական միությունը պետք է ավելի առատաձեռն լինի»,-եզրափակել է Նեջդեթ Թաքվան։
Երևանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվում է Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով։ Այն կազմակերպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։



