
«Առաջարկում եմ քրեական բառը փոխարինենք քաղաքական բառով, և թող ստացվի, որ Արծվիկ Մինասյանին պետք է ենթարկենք քաղաքական հետապնդման։ Այս դեպքում կլինի ավելի արդար վերնագրված, լիարժեք կբավարարի իրական բովանդակությանը։ Կլինի աննախադեպ, որն այս իշխանության ամենասիրելի երևույթներից է»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նա, անդրադառնալով գլխավոր դատախազի հիմնավորումներին, ասաց․ «Դուք ասում եք՝ մեկ օրվա նախարար էր Արծվիկ Մինասյանը, իրեն ներկայացրել են Սևան ազգային պարկի տարածքից տարածք տրամադրելու մասին փաթեթ, որին ընթացք է տվել։ Կարող էր ընթացք չտալ, բայց որպես կանոն՝ նախարարը նրա համար է, որ իր լիազորությունները կատարի։ Հարցնում եք՝ ինչո՞ւ չի նշել, որ հողի վրա կար ապօրինի շինություն։ Պարզվում է այդ պահին չգիտեր, հետո է իմացել, բայց հարցնում եմ՝ տենց պահանջ կա՞ որևէ նորմատիվ իրավական ակտում․ Դուք լռում եք, տիկին դատախազ, քանի որ չկա»։ Թադևոս Ավետիսյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին մեղադրող ՔՊ-ականներին, հարցրեց՝ կասե՞ք յոթ տարվա իշխանություն եք, որքա՞ն նման ապօրինի շինություններ եք համարել ապօրինի և դրանից գույքահարկ վերցրել․ «Արծվիկ Մինասյանը՝ որպես նախարար կատարել է իր գործը օրենքին համապատասխան։ Անցել է յոթ-ութ տարի, Մինասյանին՝ որպես ընդդիմադիր պատգամավոր, հորդորել են հանգիստ նստել տեղը, բայց չի արել, և հիմա դրանից ծնվել է այս գործը, և Դուք Ձեր գործը թողած եկել եք ԱԺ այս հարցն եք քննարկում։ Արծվիկ Մինասյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մոլուցք կա, ուրեմն հիմքը այլ տեղ է՝ քաղաքական է, իրավական հիմք չկա»։