Սիրելի ընկերներ, ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը լայն տարածում է գտնում. այն դարձել է յուրօրինակ հարթակ՝ կարևոր գաղափարների և առաջարկների համար։
Գագիկ Ծառուկյանի հանրային «Նոյյան Տապան» ձևավորելու գաղափարը, որը կմեկտեղի առողջ ու հետաքրքիր բոլոր գաղափարները, որտեղ ամեն կարող ու աշխատանքի պատրաստ մարդ կգտնի իր արժանավայել տեղը, մեծ հետաքրքրություն է առաջացրել, և բազմաթիվ ուժեր, անհատներ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ Հայաստանից և սփյուռքից ողջունել են այն ու պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատանքի։
Ես լիազորված եմ Գագիկ Ծառուկյանի անունից շնորհակալություն հայտնելու բոլոր արձագանքների հեղինակներին։ Գագիկ Ծառուկյանը պատրաստ է հանդիպելու և քննարկելու բոլոր առաջարկները։
Պարոն Ծառուկյանը հատկապես կարևորում է այն հանգամանքը, որ նախաձեռնությանը դրականորեն արձագանքած և համատեղ աշխատանքի պատրաստակամություն հայտնող անձերից և ուժերից որևէ մեկը չի բարձրացրել նախընտրական ցուցակում տեղի կամ կազմի հարց։ Սա իսկապես գնահատելի է։
Մեր սկզբունքն է. կարևորը պետությունն է, ոչ թե պաշտոնը, կարևորը մանդատը չէ, այլ՝ աշխատանքի արդյունքը։



