Արագաչափ սարքեր կոտրած տղամարդը բերման է ենթա...

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում ստացվեց, որ դիտավորությամբ կոտրել են Արշակունյաց պողոտայում տեղադրված «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությանը պատկանող արագաչափ սարքը։ Նույն օրը ոստիկանության Մաշտոցի բաժնում ևս նույնաբովանդակ հաղորդումներ ստացվեցին։

Մի դեպքում` դիտավորյալ կոտրել էին Հալաբյան փողոցի, մյուս դեպքում՝ Լենինգրադյան փողոցի արագաչափերը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները դեպքերից ժամեր անց արդյունք տվեցին։ Ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Կասկածվողը նույն օրը իր բնակարանից բերման ենթարկվեց ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա խոստովանել է, որ ինքն է երկաթե մահակով կոտրել Արշակունյաց պողոտայի, Հալաբյան և Լենինգրադյան փողոցների արագաչափ սարքերի ապակիները։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ընկերությանը պատճառված վնասի չափը ճշտվում է։ Հանգամանքները պարզվում են։