Արաբական երկրները կոչ են արել ՀԱՄԱՍ-ին հեռանա...

Եգիպտոսը, Կատարը, Սաուդյան Արաբիան և Հորդանանը ստորագրել են մի փաստաթուղթ, որով կոչ են անում վերջ դնել արմատական ՀԱՄԱՍ խմբավորման կառավարմանը Գազայի հատվածում: Այս մասին հուլիսի 29-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթուղթը: 

Ի թիվս այլ երկրների, փաստաթղթի տակ դրված են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Բրազիլիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նորվեգիայի և Իռլանդիայի ստորագրությունները: 

7-էջանոց փաստաթղթում, որով կոչ է արվում կոնկրետ քայլեր ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությանը վերջ դնելու համար, ասվում է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի անկլավում իր կառավարումը և միջազգային աջակցությամբ զենքը հանձնի Պաղեստինի ինքնավարությանը: 

Բացի այդ, ըստ dpa-ի, փաստաթուղթը դատապարտում է պաղեստինյան խմբավորման կողմից Իսրայելի վրա 2023 թ. հոկտեմբերի 7-ին իրականացված ահաբեկչական հարձակումը:

Փաստաթուղթը նաև կոչեր է պարունակում՝ ուղղված իսրայելական կողմին, գրում է dpa-ն: Մասնավորապես, ստորագրողները պահանջում են, որ հրեական պետությունն անհապաղ դադարեցնի մարտական գործողությունները Գազայի հատվածում և վերջ դնի հրեա բնակիչների գործունեությանը Հորդանան գետի Արևմտյան ափին: 

Գործակալությունը պարզաբանում է, որ փաստաթուղթը ստորագրվել է Նյու Յորքում կայացած խորհրդաժողովի ընթացքում՝ նվիրված երկու պետությունների բանաձևով մերձավորարևելյան հակամարտության լուծմանը, և պետք է պաշտոնապես ՄԱԿ-ի կողմից ընդունվի մինչև սեպտեմբեր: Ակնկալվում է, որ մինչ այդ ևս մի քանի պետություն կաջակցի դրան: