
Մի շարք արաբական երկրների, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որով կոչ են արել Իսրայելին դադարեցնել մարտական գործողություններն Իրանի դեմ։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Նախարարները խիստ մտահոգված են Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Նրանք նշել են, որ «Իսրայելը պետք է դադարեցնի Իրանին հարվածներ հասցնելը, քանի որ ներկա ճգնաժամը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ տարածաշրջանի համար», և որ «ռազմական միջոցներով չի կարելի ապահովել հակամարտության երկարաժամկետ կարգավորումը»։
Փաստաթուղթը ստորագրող պաշտոնյաները պահանջել են ձեռնպահ մնալ միջուկային օբյեկտների ուղղությամբ հարվածներից, ապահովել միջազգային ջրերում նավագնացության ազատությունը և ծովային անվտանգությունը։
Փաստաթղթում կոչ է արվում իրանական միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների ճանապարհով, ինչպես նաև «Մերձավոր Արևելքում ստեղծել միջուկային զենքից ու զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ գոտի, որը պետք է ներառի տարածաշրջանի բոլոր պետությունները»։
Հայտարարությունն ստորագրել են Ալժիրի, Եգիպտոսի, Իրաքի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբիայի, Մավրիտանիայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։