Ապրիլի 29-ից Ադրբեջանի հարուցած խոչընդոտի հետ...
Ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ: Այդ մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
 
Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:
 
Այս ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատատություններ է տեղախոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:
 
Ներկա դրությամբ կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախի Հանրապետության տարածք, բայց, հուսանք՝ այն շուտով կվերսկսվի:
 
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ: Այս խնդրի լուծման ուղղությամբ որոշակի ջանքեր են գործադրվում, և հույս ունենք, որ կարճ ժամկետում Կարմիր խաչի անխափան տեղաշարժը կվերականգնվի: