Ապրենք համերաշխ, իրականություն դարձնենք մեր հերոս զավակների իղձերը, իրենք իրենց թանկագին կյանքը ընծայեցին: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Ես ամեն անգամ ասել եմ, որ Եռաբլուրը նվիրական վայր է, ու նվիրական վայրերը մեզ համար հարցազրույցի վայր չեն, նվիրական վայրերը մեզ համար աղոթքի ու ապրումի վայրեր են: Մեր ուղերձը, ինչքանով գիտեմ, առավոտյան արդեն հրապարակել են, դա մեր պատգամն ու մաղթանքն է մեր ժողովրդին: Վերստին մեր հայցն ու աղոթքը այսօր Մայր Տաճարում Առ Աստված բարձրացրեցինք՝ նշելով Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը, մեր խնդրանքը Առ Աստված մատուցեցինք, որպեսզի հայոց պետականությունը, հայրենի երկիրն ու մեր ժողովուրդը անսասան լինեն:
Այնուհետև եկանք այստեղ՝ Եռաբլուր, մեր աղոթքը մատուցելու մեր զոհված զավակների հիշատակի համար, մեր խոնարհումը անելու նրանց հիշատակի առջև, և հայցելու, որ ազգի զավակները ոգեշնչվեն մեր հերոս զավակների քաջարի ոգով, և նվիրումով ու հանձնառությամբ իրենց ծառայությունը բերեն մեր պետականության ամրապնդման, մեր հայրենիքի զորացման, մեր ժողովրդի օրհնյալ և բարօր կյանքի համար: Թող Տերը օգնական ու պահապան լինի մեր ժողովրդին, ապրենք համերաշխ, միասնական և իրականություն դարձնենք մեր հերոս զավակների իղձերն ու ցանկությունները, որոնց համար իրենք իրենց թանկագին կյանքը ընծայեցին, ապրենք համերաշխ և անվրդով կյանքով»,- նշել է նա:



