ԱՊԼ երկրներն Իսրայելից պահանջել են դուրս գալ...

Կահիրեում տեղի ունեցած արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) արտակարգ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվել միջազգային ճնշում գործադրել՝ պարտադրելով Իսրայելին դուրս բերել իր ուժերը բոլոր օկուպացված արաբական տարածքներից, այդ թվում՝ Սիրիայից և Լիբանանից։ Այս մասին հայտնում են արաբական լրատվամիջոցները։

Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները դատապարտել են Իսրայելի ներխուժումը Սիրիա և կոչ են արել միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին պարտավորեցնել նրան դադարեցնել ագրեսիան Սիրիայի դեմ` համարելով այն միջազգային իրավունքի կոպտագույն խախտում և ագրեսիա սիրիական ինքնիշխանության դեմ։

Արաբ առաջնորդները հայտարարել են, որ Իսրայելի ներխուժումը Գոլանի բարձունքների բուֆերային գոտի 1974 թվականին Սիրիայի հետ ուժերի բաժանման համաձայնագրի կոպտագույն խախտում է: Արաբական լիգայի անդամ երկրներն ընդգծել են, որ Գոլանի բարձունքները համարում են «օկուպացված սիրիական տարածք» և մերժում են Իսրայելի որոշումը «դրանց նկատմամբ ինքնիշխանություն հաստատելու մասին»։

Եզրափակիչ փաստաթղթում նաև ընդգծվել է Լիբանանում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագրի բոլոր դրույթների իրագործման անհրաժեշտությունը՝ պահպանելով Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը։ Բացի այդ, Իսրայելից պահանջել են ամբողջությամբ դուրս գալ Լիբանանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից և վերադարձնել վերջին պատերազմի ժամանակ կալանավորված բանտարկյալներին։

1701 բանաձևը վերջ է դրել 2006 թվականին «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հակամարտությանը:

Արաբական արտակարգ գագաթնաժողովում ընդունվել է նաև Գազայի շուտափույթ վերականգնման ծրագիր, որը ներկայացրել է Եգիպտոսը Պաղեստին պետության և արաբական երկրների հետ համաձայնեցված՝ այն համարելով արաբական համապարփակ ծրագիր։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ողջունել է արաբական գագաթնաժողովի գումարումը և եզրափակիչ հայտարարությունը, մինչդեռ Իսրայելի արտգործնախարարությունը դատապարտել է այն։