Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների զինվորական պատվիրակությունները Սամարղանդում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից Հակաօդային պաշտպանության համակարգող կոմիտեի նիստում քննարկել են ՀՕՊ միացյալ համակարգի կատարելագործման հարցերը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը:
«Նիստի օրակարգին համապատասխան՝ քննարկվել է 14 հարց, որոնք վերաբերում են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի կատարելագործմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում ԱՊՀ անդամ երկրների միջև երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդմանը», - այսօր լրագրողներին հայտնել է Համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ Օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Բացի դրանից, նրա խոսքով, նիստի ընթացքում ամփոփվել են Համակարգող կոմիտեի և դրա աշխատանքային մարմինների 2022 թվականի գործունեության արդյունքները և սահմանվել 2023 թվականի առաջին կիսամյակի խնդիրները։ Նիստի մասնակիցները հավանություն են տվել 2023 թվականին ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի կազմին հատկացված զորքերի (ուժերի) օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման առաջարկներին։
Քննարկվել են նաև ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի զարգացման ֆինանսական հարցերը։ Նիստի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բազմակողմ և երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության համակարգի կատարելագործման հեռանկարային պլանավորմանը։
Համակարգող կոմիտեի աշխատանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության, Ռուսաստանի և Ուզբեկստանի պաշտպանաարդյունաբերական համալիրի, ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության խնդիրների հետազոտման և զինվորական կադրերի պատրաստման ոլորտում բազային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Սամարղանդում ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր Հակաօդային պաշտպանության հարցերը համակարգող կոմիտեի աշխատանքի շրջանակներում զինվորական պատվիրակությունները ծաղկեպսակներ են դրել «Ողբացող մայրը» հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայրենական մեծ Պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակը: