ԱՊՀ անդամ երկրների ապրանքաշրջանառությունը 2025 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է մոտ 90 միլիարդ դոլար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում:
«Անցնող տարում մեր երկրների բազմապլանային փոխգործակցությունը զարգացել է ընդհանուր առմամբ հաջողությամբ: Դրա մասին է վկայում Համագործակցության մասնակիցների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառության զգալի ծավալը, որը 2025 թվականի առաջին 10 ամիսներին կազմել է գրեթե 90 միլիարդ դոլար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ 30 տարում ԱՊՀ-ն հաստատվել է որպես հեղինակավոր տարածաշրջանային ինտեգրացիոն միավորում, որտեղ մասնակից երկրները հարաբերությունները կառուցում են իրական բարիդրացիության, իրավահավասար գործընկերության, փոխադարձ օգուտի, հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքներով:
ՌԴ ղեկավարը նաև կարևորել է այն, որ ԱՊՀ երկրները համագործակցում են նաև միասնական մշակութային- հումանիտար տարածության պահպանման, քաղաքացիների միջև բազմաֆորմատ փոխանակումների ընդլայնման գործում:
«Մեր ժողովուրդներին, իրոք, շատ բան է կապում՝ ավանդույթների ու մշակույթների խորը միահյուսումը, նվիրվածությունն ընդհանուր բարոյական և հոգևոր արժեքներին, ազգակցական և ընտանեկան սերտ կապերին», – եզրափակել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը 2017 թվականից ի վեր ամեն տարի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպումներ է անցկացնում։ 2018 թվականից այդ միջոցառումներն անցկացվում են նրա հայրենի Սանկտ Պետերբուրգում:
Այս առիթով Սանկտ Պետերբուրգում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



