Ապաշրջափակումն իմաստ չի ունենա և չի աշխատի, եթե չապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը: Այս մասին ԱԳՆ-ի 2026 թվականի բյուջեի օրինագիծը ներկայացնելիս ասել է նախարար Արարատ Միրզոյանը:
«Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի, և դա պետք է լինի օրգանական շարունակությունը կամ սկիզբը տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման:
Չկա տրամաբանություն, երբ կաշխատի Հայաստանի հարավով անցնող երկաթուղին և չի աշխատի Նախիջևանով անցնող երկաթուղին»,-ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակացության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Խաչատրյանն ընդգծել է, որ եթե չբացվի Երասխ-Սադարակ հատվածը, ապա TRIPP-ը Հայաստանին ոչինչ չի տալու: «Երասխ-Սադարակ հատվածը պետք է բացվի, նոր բացվի Մեղրիից մինչև Ագարակ հատվածը, այսինքն Սյունիքով անցնող ճանապարհը»,-ասել է Խաչատրյանը:
Խաչատրյանը կրկին հարցրեց՝ կոնկրետ Երասխ-Սադարակ հատվածը բացելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ:
Արարատ Միրզոյանը կատարվող աշխատանքների մասով ոչինչ չասաց, միայն կրկին պնդեց, որ՝ այո, պետք է ապաշրջափակվի Երասխ-Սադարակ հատվածը:



