
Ապարանում հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ վերականգնել համայնքի բնականոն կյանքը։
Համայնքապետարանից հայտնում են, որ ամբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։
Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։
Ըստ նախնական տվյալների` վնասվել են
-50 բնակելի տուն,
-20 խանութ,
-20 բազմաբնակարան շենքերի տանիքներ,
-10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տներում կոտրվել են պատուհանները, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը: